«Իհարկե, լավ կլիներ Հայաստանի խորհրդարանում ավելի շատ կուսակցություններ տեսնել»՝ haqqin.az-ին ասել է գերմանացի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Ռառը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունները: Քվեարկության արդյունքներով ԱԺ անցան չորս քաղաքական ուժեր՝ իշխող ՀՀԿ-ն, «Ծառուկյա» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը:
«Անկեղծ ասած՝ հետխորհրդային տարածքում իշխող կուսակցությունները հաղթում են մեծ մասամբ վարչական ռեսուրսի շնորհիվ: Բայց հայկական ընտրություններում բնակչությունը քվեարկեց հանուն ուժեղ իշխանության, որ «ավելի վատ չլինի»՝ հայտարարել է Ալեքսանդր Ռառը: Նրա խոսքով՝ «խաղաղության կուսակցության»՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պարտությունը, որ գլխավորում էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, օրինաչափ էր: ««Լևոն Տեր-Պետրոսյանը ղեկավարում է եվրոպամետ, ձախ կուսակցություն,-ասում է Ռառը:- Իսկ ձախերի դիրքերը նույնիսկ Եվրոպայում վերջին ժամանակներս բավականաչափ երերուն են, բացառություն է միայն Գերմանիան: Բացի այդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իշխանություն եղել է և Հայաստանի քաղաքացիները նրան այլևս չեն համարում ապագայի մարդ»: «Այդ երկրում ամեն ինչ բարդ է, երկիրը մեկուսացման մեջ է: Եվ այդ համապատկերում տրամաբանական է, որ մարդիկ ընտրել են ներկա իշխանությանը,- բացատրում է փորձագետը:- Հասարակության վիճակն այնպիսին է, որ «խաղաղության կուսակցությունը» խորհրդարանում հայտնվելու շանսեր չուներ: Աճում է ռազմական կոնֆլիկտի վտանգը և այդ համապատկերում ՀՀԿ-ի հաղթանակը Հայաստանում տրամաբանական է երևում»: Ալեքսանդր Ռառը հույս ունի, որ ընտրություններից հետո ղարաբաղյան կոնֆլիկտը չի սրվի: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին հիմա հետևում են Եվրոպայի ղեկավարները: Եվրոպան կջանա թույլ չտալ կոնֆլիկտի էսկալացիա»՝ ընդգծեց գերմանացի փորձագետը:
Նաիր ԱԼԻԵՎ, Haqqin.az
Հ.Գ. Փաստորեն ըստ Ալեքսանդր Ռառի՝ ՀԱԿ-ը պարտվեց, որովհետև եվրոպամետ էր ու ձախ, իսկ ձախերը Եվրոպայում հիմա երերում են: Թե որքան են երերում, ցույց տվեցին Հոլանդիայի խորհրդարանի ընտրությունները: Իսկ որքան եվրոպամետ է Լևոն Տեր-Պետրոսյանը, վկայում է նրա՝ Հայաստանի ԵԱՏՄ մտնելու որոշման անշրջելիության պաշտպանությունը և խաղաղության դրոշի տակ Լավրովի պլանին աջակցությունը: Նրա «ապագա չլինելն» էլ անցյալում իշխանություն լինելով հիմնավորելը պիտի բացառեր ՀՀԿ-ի հաղթանակը, որ 17 տարվա իշխանական անցյալ ունի: Մի քանի տողի համար շատ չե՞ն հակասություններն ու խեղաթյուրումները: Նույնիսկ եթե հարցազրույցը վերցնում է Haqqin.az-ը:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Բաքուն փորձում Լևոն Տեր-Պետրոսյանին ձախ եվրոպամետ դարձնել, չի՞ ուզում Մոսկվայի նուրբ լարերին դիպչել: Իլհամ Ալիևը առաջիններից մեկը աջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որ քիչ դեր չունեցավ ՀԱԿ-ի պարտության մեջ, հիմա էլ փորձում է արդարացնել պարտությունը ստո՞վ: Նաև՝ հաճոյանալով Կրեմլին՝ Հայաստանի մեկուսացման հայտարարությամբ: ՈՒ եթե Հայաստանը մեկուսացած է, ինչո՞ւ Եվրոպան թույլ չի տա կոնֆլիկտի էսկալացիա: Որ Բաքուն չտուժի՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ